Հայաստանն իր բնական դիրքով հենց այդպես էլ «ծնվեց»՝ անհանգիստ երկիր: Դա ազգերի ճանապարհ էր: Ճանապարհների խառնարան, «խաչ փողոց»: Հարավից՝ հյուսիս, արևելքից արևմուտք: Կամուրջ:
Եվ կամրջի վրայի ժողովուրդ:
Այդտեղ էին գալիս նվաճողական ազգերն արշավելով նրա վրա, այդտեղով էին անցնում՝ արշավելով իրար վրա:
Եվ այս ոչ թե մի դար, հինգ դար, տասը դար, քսան դար, այլ ավելի վաղ՝ մինչև... Ասորա-բաբելական դարաշրջանը, նրանից էլ առաջ:
Հայ ժողովուրդն ինչ «աչքը բաց արեց» տեսավ միայն ու միայն արշավանքներ իր վրա կամ իր վրայով: Եվ այդպես էլ ձևակերպվեց, հաստատվեց նրա վրա պատմության այդ «խարակտերը»:
«Բնականն» ու «հարմարը» թերևս այն էր, որ հայ ժողովուրդը ոչնչանար այս նվաճողական արշավանքներից հետո՝ տեղի տալով արշավողներին կամ ազգովին գաղթելով այլ երկրներ և այնտեղ ձուլվելով նոր ժողովուրդների մեջ, և այսպիսով «ազատվելով» մի պատմությունից, որ պայքարի և չարչարանքի պատմություն եղավ:
Բայց հայ ժողովուրդը չընտրեց այդ «բնականն» ու «հարմարը», ընտրեց «անբնականն» ու «անհարմարը», կռվեց շարունակ, կռվեց զենքով, կռվեց խելքի ուժով, կռվեց մշակույթով, համառ աշխատանքով և իրեն մի կերպ «լույս աշխարհ գցեց», ազատվեց վերջապես:
Եվ իր հետև թողեց մի բազմատանջ, իր նմանը չունեցող, արյունալի, ողբով լի, հերոսական, խրատական մի բացառիկ պատմություն:
(«Հայ ժողովրդի դարավոր պայքարը»)
1940
Դերենիկ Դեմիրճյան
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ